Чт. Окт 28th, 2021

«Միանշանակ, Ադրբեջանում դեռ կան դեռևս մեծաքանակ գերիներ, որոնց մի մասի վերաբերյալ անհերքելի ապացույցներ կան»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ռազմագերիների խնդիրներով զբաղվող փաստաբան Սիրանուշ Սահակյանը։
Հիշեցնենք, որ նախօրեին ռուսական կողմի միջնորդությամբ հայկական կողմին վերադարձվեց 44 ռազմագերի, դրանից առաջ ևս երեք քաղաքացի էին վերադարձվել Հայաստանին։ Իսկ դեռևս պատերազմի օրերին մեկ տարեց կին էր վերադարձվել։ Այսինքն՝ ընդհանուր առմամբ արդեն 48 գերի վերադարձվել է Հայաստանին։
Սահակյանն ասաց, որ ներկայումս Ադրբեջանում գտնվող գերիների մի մասի վերաբերյալ անհերքելի ապացույցներ կան՝ տեսանյութեր, բայց կան նաև այլ հիմքեր, ապացույցներ, որոնք թույլ են տվել առանձին անձանց խմբեր դուրս բերել, տեղորոշել նրանց և հաստատել գերեվարման կանխավարկածը, ու դրա ուժով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն անհապաղ միջոցներ է կիրառել։ «Մեր վարույթում գտնվող գործերի թվաքանակը մոտենում է մոտ 75-ի։ Վերադարձված գերեվարված անձանց մեջ կան անձինք, որոնց գործերով մենք ենք զբաղվում, բայց առնվազն 50 գերեվարված անձի մասին մենք դեռ պետք է խոսենք։ Բայց նաև ունենք տեղեկատվություն, որ այդ թվաքանակն ավելին է։ Թե ինչ շրջանակ ևս կկարողանանք դուրս բերել՝ ժամանակը ցույց կտա։ Այդ ուղղությամբ աշխատում ենք»,- ասաց Սահակյանը։

 

Փաստաբանը նշեց, որ եթե վերջնականապես հստակեցվի այդ անձանց գերեվարված լինելու հանգամանքը, ապա նրանք ենթակա կլինեն վերադարձի. «Խնդիրն այն է, որ մինչև հաստատում տեղի չի ունենում, չեն հանձնում։ Դրա համար պետք է հասնենք հաստատման։ Իսկ հաստատման հասնում ենք մի քանի ճանապարհով։ Մեկն այն է, որ Կարմիր խաչն ինքն է հայտնաբերում, բացահայտում, և մյուսը՝ Եվրոպական դատարանի միջոցով ապացույցների ճնշման ներքո ստիպում է Ադրբեջանին ընդունել դեպքերը»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ ներկայումս իրենք ունեն դեպք, երբ անձի գերեվարված լինելու փաստը ՄԻԵԴ-ն արձանագրել է, Ադրբեջանն էլ է ընդունել այդ փաստը, բայց այդ անձը դեռևս վերադարձված չէ։

Սիրանուշ Սահակյանն ասաց, որ գերիների վերադարձի գործընթացում այս պահին դրական տեղաշարժ կա, պետք է արձանագրել այդ տեղաշարժը և առաջ շարժվել։ «Բացթողումներ գործընթացում ևս կան, բայց դրա մասին հետո կխոսենք։ Միայն այն, որ մեզ հաջողվել է գերիների մի մասին վերադարձնել, դա արդեն կարևոր է։ Իհարկե, նշանակություն ունի, թե ինչ ենք հանձնել, և մյուս խմբերի ստացման տեսանկյունից արդյո՞ք Ադրբեջանը չարաշահումներ թույլ չի տա։ Եվ եթե հանկարծ փորձի թույլ տալ նման չարաշահումներ, Հայաստանի Հանրապետությունը ի՞նչ երաշխիքներ է ստեղծել, որպեսզի բացառի դրանք ու ապահովագրի մյուս ռազմագերիների կյանքը»,- ընդգծեց փաստաբանը։

 

Նշենք, որ նախօրեին Հայաստան վերադարձված բոլոր ռազմագերիները դեռևս հիվանդանոցում են, անցնում են տարբեր բուժզննումներ։ Երևանի կայազորային հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի պետ, բժիշկ Միքայել Սամսոնյանը factor-ի հետ զրույցում ասել է, որ գերությունից վերադարձածների կյանքին վտանգ չի սպառնում, բայց բոլորը հոգեբանական աջակցության կարիք ունեն:

Նյութի աղբյուր

 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *