Ср. Окт 20th, 2021

Դեկտեմբերի 10-ը Արցախի անկախության հանրաքվեի օրն է։ Այն կայացել է 1991 թվականին, ռմբակոծության ու հրետակոծության տակ, եւ դրա իրավական ուժը մինչ օրս կասկածի տակ չի դրվում։ 29 տարի անց նույն օրն Ալիեւն ու Էրդողանը Բաքվում «հաղթանակի զորահանդես» են անցկացնում։ Այդ «հաղթանակը», սակայն, չի կարող հաղթահարել Արցախի ժողովրդի իրավունքի ուժը, որն արտահայտվել է հանրաքվեի ժամանակ։ Դա լավ հասկանում են Բաքվում եւ Անկարայում, այդ պատճառով արդեն հիմա աշխատանքներ են տարվում Ղարաբաղում ժողովրդագրական պատկերը փոխելու համար, հաջորդ հնարավոր հանրաքվեից առաջ։ Որովհետեւ առանց ստորագրության ու հանրաքվեի ռազմական հաղթանակը ոչինչ է։ Արցախի իրավիճակն այսուհետ ժողովրդագրությունն է որոշելու, իսկ «շահագրգիռ» կողմերը փորձում են այն իրենց օգտին փոխել։ Բաքուն պատրաստվում է բնակեցնել Արցախի իր վերահսկողության տակ գտնվող տարածքները, Երեւանն արցախցիներին կոչ է անում վերադառնալ հայրենիք՝ խոստանալով մարդասիրական աջակցություն, իսկ Ռուսաստանն իր համար «գորշ գոտի» է ստեղծում, որտեղ պետք է նվազագույն բնակչություն լինի։ Այդ նպատակին կարող է ծառայել Ստեփանակերտի օդանավակայանը, որը Ռուսաստանը խոստանում է բացել դեկտեմբերի վերջին։ Դրա օգնությամբ միշտ հնարավոր կլինի Արցախի բնակչության թիվը «կրիտիկական» մակարդակի վրա պահել։ Իր հերթին, Արեւմուտքում ապրող հայերը հասկանում են, որ եթե բանը հասնի հանրաքվեի նոր «ժողովրդագրական» պայմաններում, ապա Արցախում իրավիճակը կարող է այնպես չլինել, ինչպես երկու ամիս առաջ։ Հիմա ակտիվ աշխատանք է տարվում առաջատար երկրների խորհրդարանների հետ, եւ արդեն բանաձեւեր են ընդունվել Արցախի անկախության ճանաչման անհրաժեշտության մասին։ «Ողջ Եվրոպայում Արցախի ճանաչման ուղղությամբ աշխատանքներ են տարվում», – ասել է Հոլանդիայում հայ համայնքի ներկայացուցիչը։ Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչը նշել է, որ գումար են հավաքում Արցախում տների ու ձեռնարկությունների շինարարության համար։ Իսկ Հայաստանում տարօրինակ իրադարձություններ են տեղի ունենում։ Երեկ Նիկոլ Փաշինյանին հարց են տվել Արցախի մասին, որին պատասխանելիս նա ասել է «Արցախ», ապա «շտկել»՝ «Ղարաբաղ»։ Հայաստանի իշխանության հռետորաբանությունում հազվադեպ են սկսել հնչել անկախություն ու միացում եզրերը։ Արցախը Հայաստան է, ասում էր Նիկոլ Փաշինյանը, Ղարաբաղն Ադրբեջան է, ասում էր Ալիեւը, Արցախի պատկանելությունն անգամ Հայաստանը չի ճանաչել, ասում է Ռուսաստանը։ Ըստ երեւույթին, ամեն մեկը դրա տակ տարբեր բան է հասկանում՝ Փաշինյանը՝ էֆեմեր ինչ որ բան, Բաքուն՝ հող ու ճանապարհ, իսկ Մոսկվան՝ ոսկի ու բազա։ Բայց ամեն ինչ կախված է արցախցիների խոսքից։ 

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *