Ср. Окт 20th, 2021

Լրահոսը մեր ժամանակներում ծանր ու դժվարին տեղեկություններ է բերում. թագավարակը ևս մեկ կյանք խլեց. այլևս մեզ հետ չէ Գուգարաց թեմի առաջնորդը՝ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը։ Դաժան հիվանդությունը խլեց նվիրյալ հայորդու ու հոգևորականի կյանքը, որը լուսավոր հետք է թողել իր հետևից։ Բազում առիթներ եմ ունեցել նրա հետ մոտիկից հաղորդակցվելու, երբ նա դարձավ Գուգարաց թեմի առաջնորդ՝ վերակենդանացնելով հոգևոր կյանքը Լոռվա աշխարհում, ուր իր իսկ խոսքերով ասած՝ ամեն քայլափոխի հոգևոր հուշարձան կա։ Եվ նա ձգտում էր, որ այդ հուշարձանները ավելի ու ավելի մոտիկ լինեն հավատացյալներին ու հոգևոր կյանքը վերածնունդ ապրի։ Նրա ակտիվ ջանքերի արդյունքում եկեղեցինները սկսեցին վերանորոգվել ու իրենց դռները բացել մարդկանց առջև։ Այսօրվա նման հիշում եմ հայրենի Ճոճկան գյուղի, հայազգի գեներալ Միխայիլ Լորիս-Մելիքովի պատվին, նրա մոր կողմից կառուցած եկեղեցու վերականգնումը՝ իր իսկ կողմից գտած ամերիկահայ հովանավորի միջոցով։ Պետք էր տեսնել նրա ոգևորությունը , երբ կատարում էր օծումը: Կամ պետք էր զգալ նրա պայքարը Արդվու եկեղեցին վերականգնելու գործում, որ այն լինի հարգանքի տուրք Հովհան Օձնեցի կաթողիկոսի գահակալման 1300-ամյակի առթիվ։ Շատ բարձր էր գնահատում Լոռվա Օձուն գյուղում ծնված, Հայաստանում իր կաթողիկոսական գործունեության խոր հետքերը թողած Վեհափառ Հայրապետին: Կաթողիկոս, որը հանուն Հայաստանի ու հայության անվտանգության իր կենդանության օրոք հրաժարվեց գահակալությունից ու ճգնավոր դարձավ Արդվիում: Այստեղ էլ նա իր հավերժական հանգիստը գտավ, նրա գերեզմանին Սրբանես կամ Սուրբ Հովհաննես եկեղեցին բարձրացավ։ Սրբազանը տարբեր միջոցառումներ իրականացրեց Հովհան Օձնեցի կաթողիկոսի գահակալության հոբելյանի՝ 1300-ամյակի առթիվ՝ հազարավոր հավատացյալների ուխտագնացությունը կազմակերպելով Արդվու և Օձունի վանքեր: Նրա նախաձեռնությամբ՝ Արդվիում տեղ գտավ Հովհան Օձնեցի կաթողիկոսի ինքնատիպ արձանը,Մայր Աթոռում Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ՝ միջազգային համաժողով տեղի ունեցավ, գրքեր հրատարակվեցին։ Ես ընդամենը համառոտ մի միջոցառման մասին պատմեցի, իսկ այն ամենօրյա գործունեությունը, որ Սրբազան Հայրն էր վարում, աներևակայելի էր իր ընդգրկվածությամբ և ծավալներով։ Այդ ե՞րբ և ինչպե՞ս էր հասցնում ամենուր լինել, իր օրհնությունը բերել, խոսք ասել, մարդկանց հետ հաղորդակցվել։ Իսկ դրանք կարող էին լինել ամենատարբեր միջոցառումներ՝ «Թումանյական օրերից» մինչև բացօթյա գեղանկարչության միջազգային փառատոններ, գրքերի հրատարակություններից մինչև տեսաֆիլմերի պատրաստում։ Նրա օրհնությամբ ու մասնակցությամբ հասցրինք տեսաֆիլմեր պատրաստել Խուճապի վանքի, Ախթալայի վանական համալիրի մասին։ Զուգահեռաբար մտածում էի Սրբազանի մասին տեսաֆիլմ ստեղծել։ Ամեն անգամ , երբ խոսք էի բացում այդ մասին, ասում էր. «Թողնենք հարմար ժամանակների»։ Բայց չգիտես ինչու ես շտապում էի, որովհետև տեսնում էի, թե ինչ հոգևոր և համամարդկային, բազմազան գործունեություն է ծավալում Սեպուհ Սրբազանը Թումանյանական աշխարհում։ Մի օր միասին այցելեցինք Թումանյանի տուն-թանգարանի հարևանությամբ գտնվող եկեղեցի: Թումանյանի հոր շիրմին ծաղիկներ խոնարհելիս հպարտությամբ ասաց. «Մեծ լոռեցին քահանայի որդի է, մենք նաև դրանով ենք հպարտանում»։ Նա ամեն կերպ նպաստում էր Թումանյանին նվիրված ամենատարբեր միջոցառումներին, որպես կանոն, անձամբ էր մասնակցում, օրհնություն բերում, ելույթ ունենում: Այցելելով Լոռի՝ նրան կարելի էր տարբեր եկեղեցական համալիրներում տեսնել։ Սիրով էր հաղորդակցվում հավատացյալների հետ։ Հիշում եմ մի անգամ չինացի լուսանկարիչ-զբոսաշրջիկների խումբ էր եկել։ Նրանց ամենայն մանրամասնությամբ Հաղբատավանքի պատմությունն էր ներկայացնում, իսկ լուսանկարիչների կադրերում Հաղբատավանքի տարբեր եկեղեցիների, խաչքարերի կերպարն էր ստեղծվում։ Նա ասում էր, որ Լոռվա պատմական հուշարձանները ինքնատիպ են և իրենց նմանը չունեցող և բնական է զբոսաշրջիկների հոսքը, բայց ավելին պետք է անել, որ ավելի շատ մարդիկ տեսնեն ու ճանաչեն մեր քրիստոնեական տաճարներն ու եկեղեցիները։ Ուրախ էր, որ Ախթալայի վանական համալիրը ավելի ու ավելի է ուշադրության արժանանում։ Վերջին անգամ էլ նրա հետ հանդիպելու առիթը ունեցա այս տարվա սեպտեմբերի 20-ին Ախթալայի վանքում եկեղեցու վերազարթոնքի 30 ամյակի առթիվ կազմակերպված տոնակատարության օրը: Պատարագից հետո նրա ձեռքից «Գիր օրհնության» ստացա։ Այդ օրն էլ էր ժողովուրդը ոգևորված իրեն ուղղված Սրբազան Հոր մաղթանքներով։ Ինչ իմանայինք, որ շատերիս համար նրա հետ դա վերջին հանդիպումն էր լինելու: Դաժան ճակատագիրը մեզ զրկեց նվիրյալ հոգևոր առաջնորդից ու լավ բարեկամից։ Դժվար է հավատալ, որ նա այլև մեզ հետ չէ, բայց մեզ հետ է լինելու նրա պայծառ ու մարդկային կերպարը, խորունկ մտքերն ու խոհերը, լավատեսությունը։ Ավելի քան վստահ եմ, որ Լոռվա աշխարհում դեռ երկար կթևածի նրա ոգին և էությունը: Սերգո Երիցյան, «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2020/11/20/1171278/

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *