Вт. Окт 19th, 2021

Հայտնի արտահայտությունը, թե պատմությունը կրկնվելու սովորություն ունի, մեզ համար հատկապես հիմա ավելի է արդիական դարձել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում արված՝ «Կարս 1920- Շուշի 2020. ֆատալիստական սխալների զուգահեռներ» վերտառությամբ գրառման մեջ նշել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

«Մասնագիտական և ոչ մասնագիտական շրջանակներում շատ են տարվում զուգահեռներ 1920 թ. և 2020 թ. Հայաստանի միջև: Պատմական փաստերի մանրամասների մեջ շատ չխորանալով` կարելի է առանձնացնել առնվազն երեք կարևոր զուգահեռ, որոնք կային 1920-ին և 2020-ին՝

1. արտաքին քաղաքականության մեջ Հայաստանի սխալ քայլեր,

2. թուրք-հայկական պատերազմ,

3. ռուսական զորքի-գործոնի սպասում:

Եվ որպես այդ ամենի ավարտ՝ 1920 թ. դեկտեմբերի 2-ի Ալեքսանդրապոլի նվաստացուցիչ պայմանագիր – 2020 թ. նոյեմբերի 9-ի նվաստացուցիչ հայտարարություն: Այդ ամենի հետևանքով 1920-ին կորցրեցինք անկախությունը, իսկ 2020-ին՝ սուբյեկտայնության և ինքնիշխանության զգալի մասը (ի դեպ ինքնիշխանության մասին պոռոտ հայտարարությունները ներկայիս իշխանության պոպուլիստական հռետորաբանության զինանոցի կարևոր զենքերից էին):

Սակայն 1920-ի և 2020-ի զուգահեռները այսքանով չեն ավարտվում. երևի թե «զարմանալի» զուգադիպությամբ քարոզչական ասպարեզում ևս կան ակնառու նմանություններ: Այսպես, 1920-ին հայոց բանակում և հասարակության մեջ որոշակի շրջանակներ հստակ քարոզ էին տանում, որ հարձակվող թուրքական զորքը «լավ թուրքերի» զորքն է և նրանց դեմ պայքարել պետք չէ: 100 տարի հետո՝ 2020 թ. Ազգային ժողովի ամբիոնից իշխող խմբակցության պատգամավորը վտանգավոր էր համարում ազգագրական երգերը և բառացի խոսում կրկին «լավ թուրքերի» մասին, իրականացվում էին հայ-թուրքական ինքնանպատակ «հաշտությանն ու երկխոսությանը» միտված գրանտային տարատեսակ ծրագրեր, իսկ ինչ-որ ճիվաղներ անթույլատրելի էին համարում ապրիլի 23-ին ջահերով երթի ժամանակ Թուրքիայի դրոշի այրելը:

Մի զուգահեռ էլ առանձնացնենք հոգևոր-մշակութային ոլորտին վերաբերող. 1920 թ.  պարտությունից հետո բանակցությունների ժամանակ փորձում էինք Հայաստանի սահմաններում պահել գոնե մայրաքաղաք Անիի ավերակները՝ որպես քրիստոնեական մշակույթի բացառիկ օրինակ, 2020 թ. փորձում ենք պահել Դադիվանքը…

2020 թ. պատերազմի ժամանակ տարածված կարգախոսներից էր «սա մեր վերջին պատերազմն է», ինչի հետ ես համաձայն չեմ: Իմ կարծիքով, թուրք-հայկական պատերազմը շարունակվում է արդեն մոտավորապես հազար տարի՝ այն պահից, երբ թյուրքական ցեղերը ներխուժեցին Հայկական լեռնաշխարհ և դեռ շարունակվելու է: Թուրք-ադրբեջանական ագրեսիվ տարածքային և այլ նկրտումները չեն դադարելու, իսկ դրանց վերջնական նպատակը Հայաստան պետության չգոյությունն է: Հազար տարվա մեջ արձանագրվում են թուրք-հայկական ճակատամարտեր, որոնց մի մասը մենք հաղթել ենք, մի մասը՝ պարտվել: Ընդ որում, թող պաթոսային չհնչի, բայց 2020 թ. ճակատամարտում պարտվել է ոչ թե մեր բանակը և զինվորը, այլ պարտվել են ճակատագրի հեգնանքով իշխանության եկած ապիկար կառավարիչները, որոնք լինելով ֆեյսբուքյան ինքնախաբեության գերիներ՝ կարևորում են ֆեյսբուքյան հաղթանակները և որոնց համար ռազմական հաջողությունները կամ ռազմավարը իրական անձանց կամ ֆեյքերի դրած լայքերն են ու դրանց քանակը:

100 տարի առաջ ճիշտ այս ժամանակ մենք տանուլ տվեցինք և այդ պարտության խորհրդանիշը Կարսն էր, որը ոչ թե գրավվեց թշնամու կողմից, այլ հանձնվեց թշնամուն: 100 տարի հետո՝ 2020 թ. մեր պարտության խորհրդանիշը Շուշին է, որը նույնպես հանձնվեց: Վստահ եմ, որ հայ ազգը կրկին ոտքի է կանգնելու, կրկին զարգանալու է, կրկին հասնելու է հաղթանակների և հաջողությունների, սակայն այդ ամենի համար մենք պետք է կարողանանք ազգովի դուրս գալ անընդհատ նույն սխալը անելու ֆատալիստական շրջանակից, որպեսզի «պատմությունը նորից չկրկնվի» և պարտության նոր խորհրդանիշ-քաղաքներ չունենանք:

Ուրեմն՝ ո՛չ ապազգային, կոսմոպոլիտ մտածողությանը, ո՛չ տգիտությանը, ո՛չ դիլետանտիզմին, ո՛չ երեսպաշտությանը, ո՛չ ինքնախաբեությանը, ո՛չ ապիկարներին, ո՛չ դավաճաններին»:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *