Ср. Окт 20th, 2021

Ազգս ԱԺ պատգամավորներին է քննարկում։ Առիթը ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի՝ «Իմ քայլից» դուրս գալու որոշումն է։ Ֆեյուբուքյան հանրությունը բաժանվել է երկու հավասարազոր բանակի, մեկը քննադատում է եւ դավաճան է անվանում «Նիկոլի շնորհիվ խորհրդարան մտած» պատգամավորին, որին՝ եթե Նիկոլ Փաշինյանը չլիներ, իր համագյուղացիներից մի 10 հոգի ձայն կտային կամ՝ չէին տա։ Մյուս բանակը պաշտպանում է նրան, խրախուսում, հերոսացնում, որ պատերազմից 2 ամիս անց քայլ արեց եւ հրաժարվեց Արցախը հանձնած իշխանությանը մաս կազմելուց։

Մեր մեջ ասած՝ սա այն հազվագյուտ դեպքերից է, երբ երկու բանակն էլ ճիշտ են։ Սոֆյա Հովսեփյանի նմաններն, իրոք, կյանքում խորհրդարանի երես չէին տեսնի, եթե չլիներ 2018 թվականի հեղափոխությունն ու Նիկոլ Փաշինյանը։ Եւ այս երկու տարվա շքեղ կյանքի, հայտնի դեմք դառնալու, իրենցից ինչ որ բան ներկայացնելու համար պարտական են բացառապես Նիկոլ Փաշինյանին։ Բայց ինքը՝ Նիկոլ Փաշինյանն էլ կյանքում վարչապետ չէր դառնա, եթե Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն այդքան սխալներ թույլ տված չլինեին եւ 2018 թվականի ժողովրդական ընդվզումն ու հեղափոխությունը չլիներ։ Այնպես որ անհայտների ու անարժանների՝ իշխանության գալու հարցում մեղավոր են, կամ՝ պատասխանատու են բոլորը, այդ թվում՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի։ Եւ Սոֆյա Հովսեփյանին դատափետելուց եւ արդարացիորեն դավաճանության մեջ մեղադրելուց առաջ պետք է ինքներս մեզ մեղադրենք՝ նրանց անհայտությունից իշխանություն բերելու, հայտնի դարձնելու, կարեւորելու, մեծամտացնելու եւ մեծարելու համար։ 

Բայց 2018 թվականի իրադարձությունները մի կողմից պետք է դաս լինեն բոլորիս համար, որ էյֆորիայի մեջ չընկնենք ու ամեն անարժանի, անհայտ ցուցակներով ու մարդկությանն անհայտ որակների համար այլեւս երբեք չբերենք իշխանության։ Մյուս կողմից բոլորս պետք է հասկանանք, որ անգամ եթե մարդն ընդհանուր ցուցակով մտել է պառլամենտ եւ իշխանության մաս կազմել, դա չի նշանակում, որ նա այլեւս իրավունք չունի «մարդ դառնալու»՝ տեսակետ հայտնելու, իր թիմի քաղաքականության հետ անհամաձայնություն հայտնելու կամ ինչ որ պահի այդ թիմից տարանջատվելու։ 

Եթե 2018 թվականին Վարդան Աթաբեկյանը կամ Արսեն Ջուլֆալակյանը մտել են «Իմ քայլի» ցուցակ եւ պատգամավորի մանդատ վերցրել, հաստատ՝ չեն երդվել, որ մինչեւ իրենց կյանքի վերջը պետք է այդ թիմում մնան ու գործադիրի, վարչապետի գործած բոլոր սխալներն արդարացնեն ու սեփական կյանքը զոհելով՝ հատուցեն մանդատի համար։ Եթե Նիկոլ Փաշինյանը ինչ որ թուղթ է ստորագրում, երկրի համար ճակատագրական սխալներ է թույլ տալիս, չի նշանակում, որ 88 հոգին կուրորեն պետք է արդարացնեն այդ քայլերը, որոնց իրենք հավանություն չեն տվել, ավելին՝ չեն մասնակցել ու նույնիսկ տեղյակ չեն եղել։
Նորմալ է, որ մարդն իր անհամաձայնությունն է հայտնում եւ քաղաքացիական կեցվածք է դրսեւորում։

Ի վերջո՝ «Իմ քայլի» ցուցակն ամուսնության պայմանագիր չէ, եւ ԱԺ մտնելով պատգամավորները չեն ամուսնացել Նիկոլ Փաշինյանի հետ, եթե անգամ «ամուսնացել են»՝ յուրաքանչյուր ամուսանացած էլ կարող է հիասթափվել, հոգնել եւ մի օր ամուսնալուծվել։ 

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *