Чт. Окт 28th, 2021

Եգիպտական NoonPost պարբերականը ներկայացրել է խմբագիր Իմադ Աննանի հոդվածը, որտեղ անդրադարձ է կատարվում ԱՄՆ-Իրան հարաբերություններին և հարակից թեմաներին:

Ստորև որոշակի կրճատումներով ներկայացնում ենք հեղինակի հոդվածը. 

«Պենտագոնը հրամայել է Մերձավոր Արևելքից դուրս բերել USS Nimitz ավիակիրը, որն ուղարկվել էր Սոմալիից ամերիկյան զորքերի դուրսբերման անվտանգությունն ապահովելու համար: Նշվում է, որ ամերիկյան իշխանությունների հանկարծակի որոշումը կարող է օգնել նվազեցնել լարվածությունը երկու կողմերի միջև: 

CNN-ը, մեջբերելով Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի խոսքերը, որը խնդրել էր անանուն մնալ, գրել էր. «Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Քրիստոֆեր Միլլերը որոշում է կայացրել հետ կանչել Պարսից ծոցի տարածաշրջանից USS Nimitz ավիակիրը ՝ Իրանի հետ լարվածությունը մեղմելու համար»:

Նշվում է՝ ավիակիրը հետ կանչելու որոշումն ընդունվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» էլիտար հատուկ նշանակության ջոկատի հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության տարելիցին ընդառաջ. Սոլեյմանին սպանվել էր 2020-ի հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանում ԱՄՆ հրթիռային հարվածի ժամանակ՝ Իրաքի ժողովրդական զորահավաքային ուժերի հրամանատարի տեղակալ Աբու Մահդի ալ-Մուհանդիսի հետ միասին:

Այս առնչությամ հեղինակը նկատում է, որ Թեհրանը սպառնացել էր վրեժ լուծել Սոլեյմանիի սպանության համար, բայց Վաշինգտոնը հասկացրել է, որ կտրուկ միջոցներ է ձեռնարկել արտերկրում գտնվող իր քաղաքացիներին Իրանի ցանկացած հնարավոր պատասխաններից պաշտպանելու համար:

Իր հոդվածում հեղինակը հիշեցնում է, որ Իրանի ու ԱՄՆ-ի միջև լարվածությունը հասել է ամենաբարձր կետին ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք, որը միակողմանիորեն 2018 թվականին դուրս էր եկել 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրից: Սա մեկնաբանվել է որպես ռազմավարություն, որն ուղղված է Պարսից ծոցի երկրներին շանտաժի ենթարկելուն, որոնք  իրենց գլխավոր թշնամի են համարում Իրանին:

Ինչ վերաբերում է ավիակրի հետ կանչելու մասին որոշմանը, ապա հեղինակը շեշտում է, որ նման հանկարծակի որոշումը շատ հարցեր է առաջացրել դրա դրդապատճառների վերաբերյալ: 

Անդրադառնալով Իրան-ԱՄՆ հարաբերություններին՝ հեղինակն ընդգծում է, որ մի ամբողջ տարի ԱՄՆ-ն և Իրանը փոխանակվում էին թշնամական հայտարարություններով, ինչը միայն մեծացնում էր լարվածությունը նրանց միջև: Միևնույն ժամանակ տարածաշրջանի երկրները, ըստ Աննանի, սպասում են բաց առճակատման, և յուրաքանչյուր կողմ պլաններ է կազմում ապագայի համար՝ դիտարկելով հնարավոր տարբերակները:

Հոդվածի հեղինակի պնդմամբ՝ USS Nimitz ավիակրի և երկու «Բ-52» ռազմավարական ռմբակոծիչների տեղափոխումը Մերձավոր Արևելք ցույց է տալիս Իրանին ռազմական հարված հասցնելու պատրաստակամությունը: Ամերիկացիների գործողությունները զայրացրել են Իրանի իշխանություններին, որոնք հայտնվել են ծայրահեղ ծանր իրավիճակում:

Այս առնչությամբ Աննանը հոդվածում բացատրում է, որ ԱՄՆ հետախուզական ծառայությունները կարծում են, որ Թեհրանը կարող է պլանավորել հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի թիրախներին: Ըստ որոշ լուրերի՝ երկիրը գաղտնի կերպով Իրաքի տարածքում փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ է տեղադրում: Սա մտահոգություն է առաջացրել ԱՄՆ վարչակազմի ներսում, բայց մինչ այժմ չկա հաստատված տեղեկատվություն, որը ցույց կտա ԱՄՆ զինված ուժերի մոտալուտ հարձակումը, ասում են պաշտոնյաները:

Բացի այդ՝ հեղինակը վստահեցնում է, որ չնայած դրան՝ ԱՄՆ-Իրան լարվածությունն ունի հասկանալի քաղաքական դրդապատճառներ, բայց ամեն դեպքում դրանք չպետք է դուրս գան սահմաններից և հանգեցնեն ուղղակի ռազմական բախման:

Անդրադառնալով Թրամփի պաշտոնավարման ընթացքում հակաիրանական քաղաքականությանը, Աննանը պարզաբանում է, որ թվում է՝ Իրանին հարվածելու ամերիկյան սպառնալիքները քաղաքական մանևր էին Թրամփի կողմից, որը ցանկանում էր ուշադրություն գրավել և «փորձել փրկել իր դեմքը» նախագահական ընտրություններում:

«Բայց երբ իրավիճակը իսկական առճակատման եզրին էր, նա որոշեց նահանջել»,- նկատում է հեղինակը:

Ամփոփելով հոդվածը՝ հեղինակը կարծիք է հայտնում, որ Թեհրանը մինչ օրս խուսափել է Վաշինգտոնի հետ ցանկացած առճակատումից, որը սպառնում է նրա հետագա հարաբերություններին ԱՄՆ նոր վարչակազմի հետ՝ չնայած պահպանողականների ճնշմանը: Իրանի իշխանությունները զսպման քաղաքականություն են վարել՝ խուսափելով իրավիճակը վատթարացող քայլերից:

Ըստ եգիպտացի իրանագետ Ուսամա ալ-Հութեյմիի՝ Սոլեյմանիի սպանության համար վրեժ լուծելու վերաբերյալ Իրանի իշխանությունների կողմից կրկնվող սպառնալիքները ոչ այլ ինչ են, քան սուտ և դատարկ խոստումներ, որոնք ուղղված են ԱՄՆ-ի ցավոտ հարվածից հետո «Իրանի դեմքը փրկելուն»:

Նրա խոսքով՝ Իրանի ռեժիմը չի կարողացել վրեժ լուծել իր գեներալի սպանության համար: Իրանը սպանությունից մի քանի նօր հետո 22 հրթիռ էր արձակել Անբարի և Էրբիլում գտնվող Այն Ալ-Ասադի ԱՄՆ ռազմական կայանների ուղղությամբ, սակայն ոչ ոք չի տուժել:

Բացի այդ՝ Թեհրանը հերքում է իր մասնակցությունը Բաղդադի կանաչ գոտու ուղղությամբ հրթիռային հարձակումներին, որտեղ գտնվում է ԱՄՆ դեսպանատունը:

«Սա ենթադրում է, որ իրանական ռեժիմը չի ցանկանում Թրամփի վարչակազմին որևէ հիմք տալ լարվածությունը սաստկացնելու կամ իրանական թիրախներին հարվածներ հասցնելու տանը կամ արտերկրում, ինչը, իր հերթին, հաստատում է նրա նախորդ հայտարարությունների անլրջությունը»,- կարծում է Աննանը:

Այսպիսով, ըստ հոդվածագրի, մի կողմից, իրավիճակը տարածաշրջանում գնում է դեպի հարաբերական անդորր՝ Թրամփի վրա գործադրվող ճնշման շնորհիվ, իսկ մյուս կողմից, Թեհրանը խուսափում է ուղղակի առճակատումից, որպեսզի կարողանա շտկել հարաբերությունները ամերիկյան նոր վարչակազմի հետ:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *