Вс. Окт 17th, 2021

Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները քննարկել են արցախյան հարցում ստեղծված վիճակը և անելիքները: Հեռախոսազրույցի մասին տարածված հաղորդագրությունը թողնում է երկակի տպավորություն: Մի կողմից այն խոսում է գործակցության մասին, մյուս կողմից, սակայն, այդ առնչությամբ հարց է առաջ գալիս, թե ինչպես է այն արտահայտվելու: Ֆրանսիա-Ռուսաստան գործակցությունը պետք է արտահայտվի Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի աշխատանքի աշխուժացումով: Սակայն, առայժմ այդ ուղղությամբ կա մեկ այլ հակասական քայլ՝ Մինսկի խմբի համանախագահների ռեգիոնալ առաջին այցը պատերազմից հետո, որին, սակայն, չէր միացել Ռուսաստանի համանախագահը՝ կորոնավարակի անորոշ պատճառաբանությամբ:

 

Չի բացառվում, որ Մակրոնը Պուտինից փորձել է հետաքրքրվել հենց այդ բացակայության իրական պատճառների և մոտիվների մասին: Այդ համատեքստում, հեռախոսազրույցի վերաբերյալ հանրայնացված հաղորդագրություններում աչքի է զարնում այն, որ խոսք չկա Արցախի կարգավիճակի մասին, երբ նշվում է հետագա աշխատանքի և անելիքների վերաբերյալ: Մինչդեռ, հայտնի է, որ նոյեմբերի 10-ից սկսած, Ֆրանսիան պարբերաբար խոսել է այդ հանգամանքի կարևորության մասին՝ որպես առաջիկա խնդիր և բանակցային գործընթացի առաջնահերթություն: Ռուսաստանը, ինչպես հայտնի է, կարգավիճակի վերաբերյալ ունի այլ դիրքորոշում: Մոսկվան գերադասում է այժմ կենտրոնանալ նոր ստատուս-քվոյի վրա, որ գծել է Թուրքիայի հետ: Այդ ստատուս-քվոյից դուրս են մնացել ԱՄՆ-ն ու Ֆրանսիան: Նահանգներում ներկայումս իշխանության փոխանցում է և պարզ չէ, թե Բայդենն ինչ օրակարգով է անդրադառնալու արցախյան հարցին, կամ, այլ կերպ ասած՝ ամերիկյան օրակարգում ինչ տեղ է ունենալու կարգավիճակի հարցը: Միևնույն ժամանակ, սակայն, այստեղ առանցքային է այն, թե կարգավիճակի հարցն ինչ տեղ է ունենալու հայաստանյան քաղաքականության օրակարգում: Վերջին հաշվով, որևէ համանախագահ կարգավիճակի հարցը բերելով օրակարգ, այն կառուցելու է բնականաբար իր շահերի և խնդիրների համատեքստում, ըստ այդմ՝ Երևանի խնդիրն է այդ համատեքստը համադրել կամ ներդաշնակեցնել հայկական շահերի հետ: Սա մեխանիկայի իմաստով պարզ և աքսիոմատիկ իրողություն է, ամբողջ հարցն այն է, թե ինչպես հասնել դրան, որպեսզի, օրինակ, Մակրոն-Պուտին, կամ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների կամ արտգործնախարարների ձևաչափով որևէ հեռախոսազրույցում, հայտարարությունում շատ կոնկրետ առկա լինի Արցախի կարգավիճակի հարց: Բանն այն է, որ այդ հանգամանքը ներկայումս հիմնարար նշանակություն ունի հայկական անվտանգության համակարգի վերականգնման քաղաքական բաղադրիչների շարքում:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *