Пн. Окт 25th, 2021
2001 թվականի հուլիսի 4-ին Երևանում ծնվեց Աշոտ Սարդարյանը և, ընդամենը, 19 տարեկանում զոհեց իր կյանքը՝ հանուն հայրենիքի պաշտպանության:
 
Աշոտը դժվար ծնվեց, բայց մահից փրկվեց և մայրը պատերազմի օրերին հույս էր փայփայում, որ եթե որդին մեկ անգամ մահին հաղթել է, այս անգամ էլ կհաղթի. «Համեստ ու հանգիստ անձնավորություն էր։ Երբեք իրեն չէր ցուցադրում ու միշտ զիջող էր։ Բայցև համառ էր իր նպատակների մեջ։ Ավելի շատ ինքնազոհ բնույթ ուներ: Աշոտս մեր ընկերն էր: Ամեն ինչ անում էր, որ մեզ ուրախացներ, մեր թև ու թիկունքն էր Աշոտը»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում պատմեց հերոսի մայրը՝ Հասմիկ Սարդարյանը:
 
Աշոտը դաշնակահար էր, շատ էր սիրում նվագել։ Նա իր արվեստի աշխարհն ուներ։ Փորագրում էր շատ գեղեցիկ. « Տղաս լռակյաց էր, քչախոս։ Երբեք ոչ ոքի չէր մերժում օգնության հարցում։ Տանից դուրս գալ այդքան էլ չէր սիրում, ինքնամփոփ էր։ Աշոտիս ձեռքով արված աշխատանքները հուշ մնացին մեզ»,- ցավով նշեց Հասմիկ Սարդարյանը:
 
Աշոտի մեջ սերը դեպի հայրենիք և հայրենասիրություն սերմանել է իր հայրը՝ Հարություն Սարդարյանը, որը 1993-1994 թվականներին ևս մասնակցել էր պատերազմին. « Ամուսինս միշտ ոգևորում էր Աշոտին, Աշոտն էլ սիրով գնաց բանակ, ավելի մեծ հետաքրքրվածությամբ։ Ասում էր՝ ամեն մեկը մի բան է պատմում բանակից, բայց ես պիտի իմ աչքով տեսնեմ»,- ասաց տիկին Հասմիկը։
 
Մեծ հետաքրքրասիրությունն ու հայրենիքի սերը սրտում Աշոտը 2020 թվականի հունվարի 19-ին ծառայության անցավ Մատաղիսում։ «Նույնիսկ պատերազմի ժամանակ, տանեցիներին քաջալերում էր՝ ասելով՝ հեսա կպրծնի կգամ։ Ու դա ասում էր այն ժամանակ, երբ ես հեռախոսի հակառակ կողմից լսում էի հրթիռների պայթյունի ձայները»,— վերհիշում է մայրը։
 
Ըստ նրա մայրիկի՝ Աշոտի մոտ ծառայության ընթացքում ամեն ինչ լավ էր, պարզապես, անչափ շատ էր ուզում արձակուրդ գալ, շա՜տ էր կարոտել։
Թեժ գոտիներում թշնամու դեմ մարտնչելով՝ Աշոտը վիրավորվում է և տեղափոխվում հոսպիտալ: Չնայած նրա վիրավոր լինելուն, ինչպես նշում է հերոսի մայրը, Աշոտին միայն մեկ միտք էր անհանգստացնում. «Տղաս զանգահարեց ինձ ու ասաց՝ մա՛մ, աչքերս բացել եմ ու առաջինը ձեռքերիս եմ նայել, հո չեն վնասվել։ Միշտ աղոթում էի, որ հանկարծ ձեռքերիս բան չլինի, որ գամ նվագեմ» ,- վերհիշեց տիկին Հասմիկը։
 
Երբ Աշոտը վիրավոր հոսպիտալում էր, տեղեկանում է՝ մորաքրոջ տղայից՝ Դանիելից լուր չկար։ Եվ նա, լինելով վիրավոր, նորից բարձրանում է դիրքեր՝ եղբորը փնտրելու. «Ինձ հետ զրույցում Աշոտս ասաց՝ պիտի գնամ, գտնեմ ախպորս: Եվ միայն զոհվելուց հետո գտան իրար՝ Եռաբլուրում»,- ցավով նշեց Աշոտի մայրը։
 
Որդու հետ մայրը վերջին անգամ խոսել է նոյեմբերի 3-ին: Տղան ուրախ ձայնով էր խոսել մայրիկի հետ. «Ինձ ասաց՝ մա՛մ ջան, կարծես թե վերջը մոտ է, հենց վերջանա պատերազմը, հաստատ արձակուրդ կգամ, շա՜տ եմ կարոտել»,- ընդգծեց տիկին Հասմիկը։
 
Հերոսը հոկտեմբերի 4-ին ընկել էր շրջափակման մեջ, նրանք հետ նահանջի հրաման են ստանում, բայց Աշոտը վիրավոր էր և տղաներին ասում է, որ իրեն թողնեն, գնան. «Ասել է՝ տղե՛րք, ես էլ չեմ կարողանում վազել, ես կպահեմ, դուք գնացեք, մենակ մորս կասեք կներես…»,— մեծ ցավով նշեց Աշոտի մայրը՝ հավելելով. «Փամփուշտները վերջացնելուց հետո վերցրել է նռնակները ու սպասել թշնամու զորքի մոտենալուն։ Բայց մինչ այդ, հրթիռային արկ է պայթել իր ու թշնամու միջև։ Ընկերները մոտեցել են Աշոտին և ձեռքերի միջից հանել են նռնակները»,- եզրափակեց Աշոտի մայրը։
 
Զվարթ Պետրոսյան
Լուսանկարները՝ այստեղ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *