Чт. Окт 28th, 2021

Մեղադրանք է առաջադրվել Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի բոլոր 9 անդամներին ու ևս 3 անձի։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Բևեռի նախաձեռնող խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը։

Նրանք մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 225.1 հոդվածի առաջին մասով, այն է՝ օրենքի սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը:
«Այս հոդվածը նախատեսում է տուգանք կամ 2 ամիս ազատազրկում, այս իրավիճակում շատ ավելի ճիշտ կլինի ասել, որ անհրաժեշտ է ուշքի գալ, համախմբվել և պատրաստվել դիմակայելու հավանական ավելի մեծ մարտահրավերների, ոչ թե փորձել աթոռի հարց լուծել։ Մենք մեր տեսակետները հավաքի ժամանակ արտահայտել ենք և դրանք անփոփոխ են»,-ասաց նա։

Նրա դիտարկմամբ՝ ամենևին պատահական չէ, որ Պուտինի երեկվա ելույթից հետո այսօր Նիկոլ Փաշինյանը հրապարակել է առաջիկա անելիքների ճանապարհային քարտեզը և խոսում է ապագայի մասին, ոչ թե խոսում, օրինակ, հրաժարականի մասին։

«Այդուհանդերձ, պատճառական կապը միանշանակ չեմ տեսնում, պետք է հասկանանք, որ բարդ աշխարհաքաղաքական խաղ է տեղի ունենում անցումային մի վիճակում, ինչը կապված է ԱՄՆ վարչակազմի փոփոխության հետ, այնպես որ՝ ժամանակից շուտ եզրակացություններ չանենք։ Կրկնեմ հիմա համախմբվելու և ավելի մեծ մարտահրավերները չեզոքացնելու հրամյականի առաջ ենք, ոչ թե բռնոցի խաղաղալու։ Սրանից, սակայն, չի բխում, որ Բևեռի օրակարգը փոխված է։ Մեր տեսակետները մնում են նույնը, ինչ արտահայտել ենք հանրահավաքի ժամանակ։ Որևէ բան չի փոխվել։ Երկիրը ճգնաժամի մեջ է և այսօրվա կառավարությունն ի վիճակի չէ երկիրը այդ ճգնաժամից հանելու։ Համազգային ռեսուրսի համախմբում է պետք»։

Անդրադառնալով Պուտինի հայտարարությանը, թե հրադադարի հայտարարության կետերի չկատարումը հայերի համար ինքնասպանության նման մի բան կլինի՝ Ավետիսյանն ասաց, որ այդ հայտարարության տեքստում փոփոխություններ անել հնարավոր է։ «Այդ հայտարարությանը պետք է վերաբերվել որպես հրադադարի հայտարարություն, դրա բոլոր կետերը այսօր արդեն թեական վիճակում են և աշխարհաքաղաքական բարդ խաղի սեղանին են դրված։ Այնպես որ՝ կարող են լինել տարատեսակ զարգացումներ՝ այդ թվում՝ նոր պատերազմ»։

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *