Ср. Окт 20th, 2021

Մեծ Բրիտանիայի Լոնդոնի կենտրոնական քրեական դատարանը, դատավոր Վանեսա Բարիթսերի նախագահությամբ, մերժեց «Վիքիլիքս» կայքի հիմնադիր, լրագրող, մեդիափորձագետ Ջուլիան Ասանժին գրավի դիմաց ազատ արձակելու դիմումը։

Տեղեկանում ենք «Վիքիլիքսի» թվիթերյան էջից։

«Համոզված եմ, որ կան էական հիմքեր ենթադրելու, որ պարոն Ասանժը չի ներկայանա դատարան բողոքարկման դատաքննություններին, եթե այսօր ազատ արձակվի։ Ուստի նա պետք է մնա կալանքի տակ», — ռուսական «ՏԱՍՍ» տեղեկատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է դատավորը:

Ըստ Բարիթսերի՝ Ասանժն արդարադատությունից խուսափելու փորձ կատարելու շարժառիթ և լայն հնարավորություն ունի և նախկինում խախտել է գրավի պայմանները:

Դատական նիստի ժամանակ մեղադրող կողմը՝ ԱՄՆ արդարադատության նախարարությունը ներկայացնող դատախազները, պնդել են Ասանժին ազատ արձակելու «անհաղթահարելի խոչընդոտների» առկայության մասին՝ նշելով, որ նա կփորձի խուսափել քրեական հետապնդումից, ինչպես արեց 2012 թվականին՝ թաքնվելով Էկվադորի դեսպանատան տարածքում, որտեղ անցկացրեց գրեթե 7 տարի: Նշվել է նաև, որ Ասանժը վստահելի չէ և չի կարող ազատվել գրավի դիմաց, քանի որ նա համոզված է, որ ինքը «վեր է օրենքից»: «Հաշվի առնելով Ասանժի պահվածքը, երաշխիք չկա, որ նա կապահովի իր ներկայությունը», — ասել է մեղադրող կողմի ներկայացուցիչ Քլեր Դոբբինը:

Միջազգային «Ռոյթերս» գործակալության փոխանցմամբ՝ Ասանժի զուգընկերը՝ Սթելլա Մորիսը, «հսկայական հիասթափություն» է որակել գրավի դիմաց ազատ չարձակելու որոշումը և հորդորել Միացյալ Նահանգներին ներում շնորհել Wikileaks-ի հիմնադրին: Պաշտպանական կողմը հայտնել է, որ բողոքարկելու է գրավի մերժումը:

Նշենք, որ նույն դատավորը հունվարի 4-ին մերժել էր ԱՄՆ արդարադատության նախարարության՝ մեդիափորձագետին ԱՄՆ արտահանձնելու դիմումը, քանի որ, ըստ նրա, Ասանժի հոգեկան վիճակը ցույց է տալիս, որ հակված է ինքնասպանության։

Դրանից մի քանի ժամ անց մամուլի ասուլիսի ժամանակ Մեքսիկայի Միացյալ Նահանգների նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հայտարարել էր կառավարության կողմից Ասանժին քաղաքական ապաստան առաջարկելու մասին։ «Ես պատրաստվում եմ Արտաքին գործերի նախարարին խնդրել կատարել համապատասխան ընթացակարգերը, որպեսզի Միացյալ Թագավորության կառավարությանը խնդրեն, որ պարոն Ասանժը ազատ արձակվի, և Մեքսիկան նրան քաղաքական ապաստան առաջարկի», — մամուլից ասուլիսի ժամանակ ընդգծել է Մեքսիկայի ղեկավարը՝ հավելելով, որ նա լրագրող է և արժանի է ներման։

WikiLeaks-ի գլխավոր խմբագիր Քրիստին Հրաֆնսոնն այսօրվա դատական նիստից առաջ «ՏԱՍՍ»-ի թղթակցի հետ զրույցում շնորհակալություն էր հայտնել Մեքսիկայի նախագահին։ «Սա հիանալի ժեստ է Մեքսիկայից, մենք շնորհակալ ենք առաջարկի համար: Սակայն այսօր մենք պարզապես հույս ունենք, որ Ջուլիան Ասանժն ազատ կլինի», — նշել էր Հրաֆնսոնը:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *