Вс. Окт 17th, 2021

Կրտսեր սերժանտ Արսեն Խաչատրյանը զոհվել է մարտի դաշտում՝ փրկելով ընկերների կյանքը։

«Եղբայրս ու իր զինակիցները  շրջափակման մեջ են ընկել, մի ուրիշ սերժանտի խնդրել է, որ նորակոչիկներին տանի էդտեղից, որովհետեւ վստահ է եղել, որ ոչ մեկը չի փրկվելու, եթե մնան էդտեղ։ Արսենն ու պայմանագրային երկու զինծառայող մնացել են շրջափակման մեջ։ Ինքն էլ կարող էր գալ, փախչեր, բայց ինքը հպարտ էր, կյանքում էդ քայլին չէր գնա, ինքն իր դիրքը չթողեց։ Մինչեւ սերժանտը մյուսներին տարել ու հետ է եկել, եղբայրս ու մյուս երկու պայմանագրայինները զոհվել էին»,- NEWS.am— ի հետ զրույցում պատմեց Արսենի մորաքրոջ աղջիկը՝ Աննան։

Արսենը բանակ էր զորակոչվել 2019թ․-ի հուլիսին։ Ժամկետային զինծառայողը Մարտունու շրջանի առաջնային դիրքերում էր,  թեժ մարտերի կիզակետում։ Թշնամու հրազենային գնդակը թիկունքից մահացու հարված էր հասցրել Արսենի սրտին։

19-ամյա Արսենը երկու ավագ եղբայր ունի։ Նա մարտական ընկերներին ասել է՝ դուք գնացեք, մտածելով, որ ինքը իր ծնողների վիշտը ամոքող եղբայրներ ունի։

«Իմ եղբայրը իրականում չի մահացել, այլ անմահացել է։ Ասում են՝ մահ իմացեալ անմահություն է, ու իմ Արսենը գիտակցված կերպով գնաց դեպի անմահություն՝ հավատալով, որ հաղթելու ենք․․․»,- նշեց Աննան։

Արսենը պլանավորում էր ծառայությունից հետո ոսկերչություն սովորել։

Հարազատներն Արսենին երբեք ընկճված չեն տեսել, նա բոլորին ուրախություն պատճառողն էր։

 «Ինքը կյանքով լի էր, բոլորի հանդեպ հոգատար, սիրալիր։ Իր մամային պաշտում էր։ Իրեն բանակ ճանապարհել ենք ուրախությամբ, երբեք չէինք մտածի, որ էս ձեւով ենք իրեն հետ ընդունելու, որովհետեւ ինքը ճարպիկ էր, նույնիսկ պատերազմի թեժ օրերին ես չէի անհանգստանում՝ վստահ էինք, որ իրեն ոչ մի բան չի լինելու, թեեւ վերջին օրերին ձայնում տագնապ էինք նկատում, բայց իրեն, երբ հարցնում էինք, թե, օրինակ, ի՞նչ կրակոցի ձայն է,  մեզ հանգստացնում էր էն ձեւով, որ իրոք հավատում էինք իրեն»,- պատմեց Աննան։

Արսենը զոհվել է հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 4-ին նրան հողին են հանձնել հայրենի Ներքին Գետաշեն գյուղում։

«Ներքին Գետաշեն գյուղի ամենամեծ սրտով տղան իր սիրտը նվիրեց հայրենիքին…»,- եզրափակեց Աննան։

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *